Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Մարդավայել ապրելու ուրվականը

Մարդավայել ապրելու ուրվականը
12.05.2017 | 10:49

Հայաստանաբնակներս տարօրինակ գործընթացների պայմաններում ենք ապրում, որոնց քաղաքական, թե տնտեսական ծագումը երկակի գնահատականների է արժանանում: Հանրության որոշակի շրջանակներ համոզված են, որ երկրում արդարության պակաս կա, երբ նրանց ընդդիմացողները նշում են սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը ողջ հանրության վրա, բացառելով մենթալիտետ որակվող ինչ-ինչ գործոնների դերը: Այսուհանդերձ, դիտարկելով թե իրավական, թե տնտեսական ոլորտները, անցանկալի եզրահանգման ենք գալիս՝ բարոյականության նորմերը մեզանում խախտված են, պարզ չէ` անդառնալի՞, թե՞ ինչ-որ ժամանակով:

Այնպես որ, յուրաքանչյուր անգամ, մեր առօրյայում տարօրինակության հանդիպելիս, մինչ վրդովվելու, թե զայրանալու պահ ապրելը, փորձում ենք որևէ արդարացում կամ պատճառ փնտրել: Արդյունքում գերազանցապես այն կարծիքին ենք հանգում, թե մենք ենք այս վիճակի անմիջական կրողներն ու պատասխանատուները, հետևաբար ելքը միջավայրը փոխելն է` թողնել-հեռանալու տեսքով... և այսուհանդերձ հույս տածելով, որ մի օր այս վիճակը կփոխվի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
Իսկ մինչ այդ այն տրամադրությամբ համակվենք, որ այսօր չէ վաղը սրանք կկշտանան և երկրի ու մեր մասին էլ կմտածեն, քանզի ի վերջո մերոնք են, չէ՞, այն աշխարհ հետները հո չե՞ն տանելու, Աստծո դատաստան կա, որից իսկապես պրծում չկա:


Գրում եմ այս մասին ու մտորում, որ «սրանք» որակվողները, իրավապահ, թե առևտրական, կրթա-առողջական ոլորտի, թե պետական ծառայության ներկայացուցիչներ, համատիրության, թե վարչական տարածքի ղեկավար, մեծ թե փոքր բնակավայրի քաղաքապետ, անգամ իրենց մասին գրածը չեն կարդում, իրենց արածից ու չարածից չեն անհարմար զգում, ո՜ւր մնաց ամաչեն, մեղա-մեղա, առողջությունը պատճառ նշելով ու ընտանեկան հանգամանքներն ակնարկելով թողնեն հեռանան զբաղեցրած դիրքերից, տեղները զիջեն... Ո՞Ւմ: Իմա՝ երիտասարդներին, նորովի մտածելու հատկություններով օժտվածներին, լեզուների ու միջազգային հմտությունների տիրապետողներին, նրանց, ովքեր ազատ ու անկաշկանդ գործելու և որոշումներ կայացնելու քննություն բռնած գործընթացների են տիրապետում, վերլուծելու և գնահատելու կարողություններով են առանձնանում: Գրում եմ այս ամենն ու ինքս ինձ նկատում, որ ոչ ավելի, ոչ պակաս օգտվում եմ պետական այրերի ու քաղաքական գործիչների կաղապարային տերմինաբանությունից: Այսպես են վարվել անկախության առաջին տարիներից սկսած մինչ օրս մեզ կառավարող բարձրագույն պաշտոնյաները: Եթե 1990-ականների որոշակի խնդիրներ կարելի է բացատրել պատերազմական իրավիճակով ու համակարգային փոփոխությունների իրականացումով, բացարձակապես անհասկանալի, անբացատրելի ու անըմբռնելի են վերջին 20-ամյակի խեղումներն ու խեղաթյուրումները: Փորձեմ ինչ-որ առումով ընդհանրական այս խոսքերից կոնկրետ միջավայր տեղափոխվել, մեր առօրյայի շուրջ զրույց ծավալել:


Մարդ-արարածի կենցաղի անբաժանելի մասն է գնումներ կատարելը, որտեղ առաջնահերթը պարենի ձեռքբերումն է, հենց թեկուզ սոխ ու սխտորի, ձեթի ու կարագի: Ասել է` իրեն հարգող երկիրն այս պարենամթերքների հնարավորինս առավելագույն արտադրություն պետք է իրականացնի, քանզի դրանք պարզ ու հասարակ առաջնահերթություններ են, սպառվում են հանրության բացարձակ մեծամասնության կողմից, օգտագործվում բազմաթիվ սննդատեսակների պատրաստման ընթացքում: Դրանց պակաս ՀՀ առևտրային ցանցում կարծես չկա: Այդ դեպքում ինչո՞ւ է մեր տնտեսությունն այսչափ աննշան ու աղքատիկ, բյուջեն այնքան խղճուկ, որ անկարող է լուծելու անգամ հանրային առաջնահերթությունները, առողջապահության, կրթության որակն ու մատչելիությունը, ուսանողների ու կենսաթոշակառուների նվազագույն ապահովվածությունը: Վերջիններիս հարյուր հազարավոր ներկայացուցիչներ, իրենց ընտանիքների արտերկրներ մեկնած անդամներից ստացած ֆինանսական միջոցներով վճարունակ դառնալու արդյունքում իրենք են կազմավորում իրենց կենսաթոշակները, մի բան էլ թողնելով պաշտոնյաներին ու ներմուծողներին:


Ասվածը հաստատեմ պարզ մի օրինակով: Նախորդ տարեվերջին Նոր Զելանդիայից ներկրված կարագի 1 կիլոգրամը ՀՀ առևտրային ցանցում վաճառվում էր 2720 դրամով, որտեղ ավելացված արժեքի հարկի մասը 460 դրամ է: Օրեր առաջ այդ նույն 82,5 տոկոս յուղայնությամբ կարագը վաճառվում էր 3280 դրամով, որի ԱԱՀ-ն ստացվում է 560 դրամ: Այնպես որ, անցած 6 ամիսներին կենսապես անհրաժեշտ այս սննդատեսակի գինը աճել է մոտ 20 տոկոսով, ՀՀ բնակչությունը ԱԱՀ-ի տեսքով բյուջե լրացուցիչ մուծել է 5-6 մլրդ դրամ, որի նպատակային օգտագործումը հարկատուներիս համար պարզապես անհասկանալի է:
Ընդունելով, որ ներկայացվող հաշվարկները մասամբ սիրողական մակարդակով են արված և կարող են պատկերը լիարժեք չներկայացնել, այդուհանդերձ, նման իրավիճակից բխող հարցը հնարավոր չէ չհնչեցնել. ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում կենսապես անհրաժեշտ սննդահումքի ու դրա վերամշակման արդյունքում ստեղծվող պարենամթերքների անգամ նվազագույն քանակներ չեն արտադրվում, թեև հարկ է հարցը հնչեցնել հնարավորինս առավելագույն պահանջի տեսքով: Չէ՞ որ այդ 1 տրիլիոնը գերազանցող բյուջեի զգալի մասը շարքային քաղաքացիներս ենք վճարում, անշուշտ, ծանր աշխատանքի գնով, որտեղ անվերջ շարունակվող արտագաղթը թիվ 1 տեղում է: Առանց այդ արտերկրներից ստացվող գումարների հայաստանյան հանրությունը գոյատևել չի կարող, տնտեսությունը, որը մեզանում նույնացվում է առևտրի հետ, փլուզման եզրին կհայտնվի, ՀՀ կարգավիճակն իրոք անմխիթար կդառնա:


Յուրօրինակ ելք է հուշում ՀՀ վարչապետը իր թուղթ ու գրչով աշխատելու մոտեցմամբ: Առաջնորդվելով սույն առաջարկով, փորձեմ պարզել, թե ինչ երկիր է մեզ կարագով ապահովող Նոր Զելանդիան: ՀՍՍՀ հանրագիտարանի 8-րդ հատորի «Նոր Զելանդիա» բաժնից տեղեկանում ենք, որ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող այս երկիրն ունի 268 հազար քառակուսի կմ տարածք, որի երեք քառորդը զբաղեցնում են լեռներն ու բարձրությունները: Վարելահողերը կազմում են տարածքի 2,2 տոկոսը, ՀՀ-ում` 17 տոկոսը, 1 բնակչի հաշվով` 1300 քառակուսի մետր և 1600 քմ: Նոր Զելանդիայի գյուղատնտեսության առաջատար ճյուղը զարգացած կաթնա-մսատու անասնապահությունն է, ՀՀ-ում բացառապես արտահանմանը ծառայող այգեգործա-բանջարանոցային ոլորտը: Նոր Զելանդիան դեռևս 1980-ականներին արտադրում էր մինչև 300 հազար տոննա կարագ, երբ ՀՀ ցուցանիշը աննշան է: Այնպես որ, տնտեսավարման պարզ սկզբունքը հուշում է, որ գերադասելի է նախ արտադրել երկարաժամկետ պահպանման և համեմատաբար բարձր գնի առաջնահերթ անհրաժեշտության արտադրանք, որպիսին կաթի ու մսի վերամշակումներն են, մշտապես սպառման շուկա ունեցող մթերքները, նոր ուշադրություն դարձնել ռիսկային և պահպանման կարճաժամկետ մշակաբույսերի աճեցմանը: Հայաստանի գյուղոլորտում այս գործընթացը գլխիվայր է շրջված. զարգացած գյուղատնտեսություն ու արդյունաբերություն ունեցող երկրներում անասնապահություն-բուսաբուծություն հարաբերակցությունը 60-40 տոկոս է, ՀՀ-ում հակառակը, որպիսի քաղաքականություն որակվող գործընթացն էլ հայ գյուղն ու գյուղացուն ծայր աղքատության են հասցրել, օտարել իր աշխատավայրից, նորօրյա պանդխտության պարտադրել:


Զգում եմ հարավային այս երկրի հետ համեմատվելը անհարկի համարելու ոմանց տրամադրվածությունը, որոնք պատրաստ են հիշելու ՀՀ գյուղոլորտում սեզոնայնությունն ու ցրտահարությունները, այլևայլ աղետները, միայն թե չնկատեն կամ չնկատելու տան, որ երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակումների արդյունավետ կառավարումը, այդկերպ նոր աշխատատեղերի ու սպասարկվող ծառայությունների կազմակերպումը պակաս կարևոր խնդիրներ չեն, քան իրենց անհարկի հայտարարությունները ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի արտահանումների ծավալների ավելացման շուրջ:


Տարին տարվա վրա ավելանում են ծխախոտի ցանքատարածությունները, փորձ է արվում ավելացնել խաղողի այգիները, այն պարագայում, երբ Արարատի մարզի Դվին համայնքի հողագործը հեռուստաէկրանից հայտարարում է, որ խաղողի այգին քանդել, պտղատու ծառեր է տնկել: Մարդն իր մոտեցումն ունի, իսկ թե որն է այստեղ պետության դերը, ՀՀ բարձրագույն իշխանությունը գերադասում է չխոսել, խոսելիս էլ հայտարարել, թե հողը անձի սեփականությունն է, նրան որևէ բան պարտադրել չեն կարող: Այն տպավորությունն են ցանկանում ստեղծել, թե աշխարհ տեսած ու ճանաչած հայաստանցին անտեղյակ է, որ հողը մասնավոր սեփականություն է նաև Եվրոպայում ու Ամերիկայում, Ասիայում ու Օվկիանիայում, որոնցում առաջնահերթ խնդիր է դիտարկվում կենդանական ծագման սննդի ու հումքի ստացումը:


Մերոնց գործելաոճը հակառակն է. քանի դեռ համաշխարհային տնտեսությունում կաթ-կաթնամթերքների ու միս-մսամթերքների որոշակի ավելցուկ կա, գների հարցում կարելի է սակարկել, նախապատվությունը տալ ներկրումներին, դրանց որակին կարելի է և լուրջ ուշադրություն չդարձնել: Անգամ ոչինչ, որ Ռուսաստանի դաշնության սննդի անվտանգության ծառայությունը հենց օրեր առաջ արգելեց Բրազիլիայից 17 անուն մսամթերքների ներմուծումը. մենք ուրիշ ենք, մեր ներմուծածից, որոնց թվում և հավելումներն ու համեմունքները, համն ու հոտը տեղը երշիկեղեն կարտադրենք և հյուսիսային հարևանին կմատակարարենք, մեր բնակչությանն էլ այդ արտադրանքի «կես գին» ակցիաներով կկերակրենք, որը, չգիտես ինչու, մեր մարդիկ ոգևորության նշաններով չեն ընդունում:


Անհարկի չհամարելով ՀՀ վարչապետի խորհրդով առաջնորդվելը, թուղթ ու գրչով դիտարկենք այս անգամ ՀՀ առևտրային ցանցում վաճառվող «Վալիո» կարագն արտադրող հյուսիսային երկիր Ֆինլանդիայի գյուղոլորտը: Ֆինների վիճակագրությունը հաստատում է, որ գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնատու անասնապահությունն է, որտեղ կովերի միջին տարեկան կաթնատվությունը հասնում է 16000 լիտրի, ՀՀ-ում` 1600 լիտրի, վարելահողերը տարածքի 7 տոկոսն են, որտեղ ֆինները հիմնականում գարի ու ցորեն են մշակում, այն ուղղում մոտ 1 մլն խոշոր եղջերավորի և 1,3 մլն խոզերի լիարժեք կերակրմանը, ապահովում առավելագույն մթերատվություն:
Վստահ չեմ, թե ընդդիմախոսներս այս պարագայում չեն ասի, որ եթե Ֆինլանդիայում ծիրան ու խաղող աճեր, նրանք այդ ոլորտներին նախապատվություն կտային: Ընդամենը նշեմ, որ ֆինները մեզնից ոչ պակաս ալկոհոլային ընտիր խմիչքներ են արտադրում, որոնք իրենց կարագին զուգահեռ վաճառում են հայաստանյան առևտրային ցանցում, միայն թե ցորենից, որի միջին բերքատվությունը հեկտարից հասնում է 6-7 տոննայի, ՀՀ-ում 2-3 տոննայի պարագայում: Եվ հարցը՝ ցորենն ի՞նչ է, որ չենք կարողանում ըստ արժանվույն մշակել, հնչում է ինքնաբերաբար:


ՀՀ նախորդ կառավարություններից մեկի հաստատած «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» անվանված ծրագրով, 2015 թվականին հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմելու էր 529 հազար տոննա, երբ այն անգամ 300 հազար տոննայի չմոտեցավ: Այսօրինակ ձախողումների պարագայում զավեշտ կարելի է որակել, ասենք, ՀՀ գյուղատնտեսությունում ավանակների ու ճագարների հաշվառում իրականացնելը՝ առաջինները 2015-ին պետք է կազմեին 10,5 հազար գլուխ, երկրորդները 80 հազար գլուխ: Թե ինչքան են դրանք 2017-ի դրությամբ, ոչ որևէ հաշվառում կա, ոչ էլ, վստահ եմ, դրանք որևէ մեկին հետաքրքրում են: Իսկ ահա հետաքրքրող թվերը, թե ուր է անհետացել տեղական սոխը, կամ այս օրերին սուպերմարկետների ցուցասեղաններից վերացած ներմուծվող սոխը, ինչու ենք այն աստիճանի հասել, որ խնձոր է ներմուծվում ամբարիշտ հարևանից, որևէ բացատրություն կամ պատասխան չկա, քանզի դրանք բանջարեղեն ու մրգեր մշակողների ու ներմուծող գործարարների խնդիրն ու հոգսն են, գյուղոլորտի կառավարիչներն ու կազմակերպիչները, պաշտոնյաներն ու պատասխանատուները դրանց հետ գործ չունեն: Իրենց խնդիրը արհեստական արև ստեղծելուն և համանման այլ գերխնդիրներին ուղղված քայլերի իրականացումն է, նոր խոսք տնտեսագիտության ու տնտեսավարման ասպարեզում:


Հերթական անգամ ստիպված ենք արձանագրել, որ հայ գյուղն ու գյուղացին միայնակ են իրենց առօրյայում, որի ապացույցն են ՀՀ գյուղնախարարության մասնագետների գրեթե չկայացող այցերը գյուղական համայնքներ: Թերևս բացառություն են կազմում իրար հաջորդող նախարարներն ու ոլորտային տեղակալները, երբ հերթական աղետներից հետո հայտնվում են հեռուստաէկրաններին, ինչ-ինչ անհասցե խոստումներ հնչեցնում, այդկերպ գյուղացիներին որոշ ժամանակով հանգստացնում:
Ցավալիորեն ՀՀ գյուղոլորտը չի բարեփոխվում, երկրի պարենապահովությունն ու պարենանվտանգությունը չեն բարելավվում, գնահատականները լավատեսություն չեն ներշնչում: Տեսեք իրենց գործունեությանն ինչ գնահատական են տվել ոլորտի պատասխանատուները ռազմավարական հռչակվող փաստաթղթերից մեկում. «Հայաստանը գյուղատնտեսական մթերքների արտահանման փոքր ծավալների, ցածրարժեք արտադրանքի, սննդամթերքի անվտանգության և որակի բացասական համբավի պատճառով միջազգային շուկաներում ստիպված է լինել «գին ընդունող» և ոչ թե «գին թելադրող»: Ավելի բարձր արժեք ունեցող ապրանքների շուկաներ մուտք գործելու հնարավորությունները Հայաստանում արտադրված գյուղմթերքների համար սահմանափակ են»։


Այս գնահատականը տալուց հետո նվազագույնը 5 նախարար է փոխվել, տասնյակ միլիարդավոր դրամների հատկացումներ են իրականացվել, գյուղատնտեսական վարկեր են վերցվել, անհաշիվ ծրագրեր են կազմվել, խոստումներ տրվել, որոնց արդյունքում տարօրինակորեն հայ գյուղի ու գյուղացու վիճակն է վատացել, ՀՀ-ն հայտնվել է պարենային ապահովության ու անվտանգության լրջագույն խնդրի առջև: Եվ այսուհանդերձ, մինչ ե՞րբ հարցն այդպես էլ պատասխան չունի, որի պատճառով էլ հայաստանաբնակներիս բացարձակ մեծամասնությունն այդպես էլ մարդավայել ապրելու տեսլականը չունի: Աշխարհը շարժվում է, մասամբ բարեփոխվում, որի վկաները արտերկրներում հանգրվանած մեր հայրենակիցներն են և արտագաղթելու պատրաստվող հայաստանցիները:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ